Եթե արդեն ունեք կայք կամ բլոգ, ապա հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին կազմել կայքի զարգացման ամսվա պլանը։ Համաձայն կազմված պլանի պարբերաբար տեղադրել օգտակար և հետաքրքիր հոդվածներ՝ բնականաբար կայքի թեմային համապատասխան:
Որպեսզի ձեր կայքի աշխատանքը ճիշտ կազմակերպեք խորհուրդ եմ տալիս կազմել կայքի զարգացման ամսվա պլանը:
Դա կարող եք անել ինչպես սովորական տետրի մեջ, այնպես էլ համակարգչում Word կամ Excel ծրագրերի միջոցով: Նշեք գալիք ամսվա բոլոր օրերը և յուրաքանչյուր օրվա դիմաց թվարկենք այն աշխատանքները, որը նախատեսում եք կատարել:
Օրինակ, այս ձևով`

Ինչպես կազմել կայքի զարգացման ամսվա պլանը
Կայքի զարգացման սկզբնական փուլում (առաջին 6 ամսից մինչև 1 տարի) կայքում տեղադրել ամիսը մոտ 8 – 10 հոդված, որպեսզի ինչքան հնարավոր է կայքում շատ տեղեկություններ լինի, սակայն ոչ մի դեպքում նշված 8 – 10 հոդվածները նախապես չպատրաստեք և 1-2 օրում տեղադրեք միանգամից: Հոդվածները տեղադրեք պարբերաբար` 2 – 4 օրը մեկ անգամ: Երբ հոդվածների քանակը կայքում կհասնի 80 – 100-ի, արդեն կարող եք ձեզ մի փոքր «հանգիստ» տալ` հոդվածների քանակը ամսվա ընթացքում հասցնելով 4 — 5-ի, չնայած նույն տեմպով շարունակելը կայքին ոչ միայն վնաս չէ, այլ նույնիսկ օգտակար է:
Կայքի զարգացման ամսվա պլանը կազմելիս չպետք է բավարարվեք միայն հոդվածներ տեղադրելը պլանավորելով, զբաղվեք կայքի օպտիմալացման և առաջխաղացման աշխատանքներով, սկզբնական շրջանում օգտագործելով անվճար առաջխաղացման բոլոր հնարավոր եղանակները: Մասնավորապես, գտեք ձեր կայքի թեմային համապատասխան այլ կայքեր և պարբերաբար մեկնաբանություններ գրեք: Մեկնաբանություններ թողեք նաև youtube.com կայքում` ձեր կայքի թեմային համապատասխան տեսահոլովակներում քննարկվող հարցերի վերաբերյալ, չմոռանաք լրացնել ձեր կայքի անունը, այլապես նշված աշխատանքներն անիմաստ կլինեն: Ֆորումներում մասնակցեք քննարկումներին, հարցեր տվեք, եթե կարող եք պատասխանեք ուրիշների հարցերին, ձեր կարծիքը հայտնեք քննարկվող հարցի վերաբերյալ: Ակտիվություն ցուցաբերելով, փորձեք խորամանկել և որևէ հարցի պատասխանելիս նշեք, որ տվյալ հարցի պատասխանը կարող են կարդալ այս կայքում և նշեք ձեր կայքի հասցեն: Հնարավոր է, որ կայքի մոդերատորը թողնի հղում անեք ձեր կայքը (չնայած ոչ բոլոր ֆորումներում են թույլատրում տեղադրել կայքերի հասցեներ):
Օգտագործեք սոցիալական ցանցերի հնարավորությունները, ձեր կայքի համար պատրաստեք էջեր տարբեր սոցիալական կայքերում և այլն:
Վերլուծեք ձեր կայքին մրցակից համարվող մյուս կայքերի հնարավորությունները և շտկեք այն բացթողումները, որոնք խանգարում են կայքի զարգացմանը: Այս բոլորը ընդգրկեք ձեր կայքի զարգացման ամսվա պլանում:
Իհարկե, յուրաքանչյուր կայքի կամ բլոգի զարգացման պլանը կտարբերվի մեկը մյուսից` կախված թեմայից, բնույթից, կայքի միջոցով լուծվող խնդիրներից և այլն, սակայն ընդհանուր իմասը կարծում եմ հասկանալի է:
Կայքի զարգացման ամսվա պլանը կազմելիս պետք է ձեր առջև խնդիր դնեք`
- սկզբնական փուլում կայքը հարստացնել օգտակար նյութերով,
- օգտագործելով վերը նշված անվճար եղանակները կայքը հնարավորինս ճանաչելի դարձնել:




